Ռուբեն Զարգարյան. Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն լուծվել է անկախ ղարաբաղյան պետության ստեղծման ճանապարհով

PanARMENIAN.Net - «Ղարաբաղի լուծման բանալիները ո'չ Երեւանում են, ո'չ էլ Բաքվում» հայտարարությունները ցույց են տալիս սեփական ուժերին չհավատալու իրողությունը, հարկի վարպետության բացակայությունը համաշխարհային քաղաքական գործընթացի վերլուծության եւ դրա վրա ազդելու մեթոդաբանության ընկալման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Հայաստանի պատմությունը վկայում է, որ լուծումները օտարերկրյա տերություններին վստահելը հանգեցրել է աղետների: «Նման հայտարարություններով փորձում են Լեռնային Ղարաբաղը միջազգային հարաբերությունների սուբյեկտից տեղեկատվապես ձեւափոխել տարբեր համաշխարհային քաղաքական ուժերի օբյեկտի, փաստացիորեն միջազգային հանրությանը վերադարձնել գաղութային նվաճումների դարաշրջան, երբ ազգերի կարգավիճակը որոշում էին այլազգի տերությունները: Բայց հիմա XXI դարն է, հետեւաբար, ԼՂՀ կարգավիճակի որոշումը բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է: Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն լուծվել է անկախ ղարաբաղյան պետության ստեղծման ճանապարհով, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է»,- նշել է Զարգարյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ գոյություն ունեցող բացասական միտումները ստիպում են խոսել ակնհայտ իրողությունների մասին: «Ղարաբաղի լուծման բանալին հենց իրենց` ղարաբաղցիների, հայ ժողովրդի, նրանց ձեռքում է, ովքեր ունեն պետական մտածողություն, բարձր պատասխանատվություն եւ պարտքի զգացում, պատմության եւ քաղաքականության օրինաչափությունների մասնագիտական ընկալում եւ, վերջապես, հաղթելու ձգտում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց արդեն կայացած պետություն է հանդիսանում` հստակ որոշված սեփական ազգային շահերով, ինչն աշխարհում շատերն են ճանաչում: Բոլորովին չարհամարելով շահագրգռված պետությունների դերը` անհրաժեշտ է երկու հայկական պետությունների շահերը ինտեգրել նրանց շահերի հետ: Իր կազմավորման պահից ԼՂՀ օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ: «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիայի» հոդված № 3-ում, որը 1933թ. դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Մոնտեվիդեոյում, ամրագրված է, որ «պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչվելուց»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը:



Ռուբեն Զարգարյանը գտնում է, որ անհնար է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, նախ, առանց ԼՂՀ անկախության վերջնական եւ շուտափույթ ճանաչման եւ, երկրորդը, առանց բանակցություններին նրա լիարժեք մասնակցության: «ԼՂՀ ճանաչումը պետք է բանակցությունների մեկնարկային կետը լինի, եւ ոչ թե` վերջնական: Միայն համակարգը ձեւավորող այս երկու պայմանների կատարումից հետո հնարավոր կլինի բանակցությունների երկրորդ փուլում փոխադարձ հիմքի վրա լուծել առավել բարդ խնդիրներ` տարածքների, փախստականների, սահմանների: ԼՂՀ անկախ պետական կարգավիճակը ենթակա չէ քննարկման, այլ պետք է անհապաղ ճանաչվի եւ հաշտության պայմանագիր ստորագրվի ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ, որը կարձագանքի ղարաբաղյան եւ ադրբեջանական ժողովուրդների արմատական շահերին: ԼՂՀ միջազգային ճանաչմանն է ուղղված հաղորդակցությունը` ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ԼՂՀ ճանաչումն ապահովելու համար անհրաժեշտ է պարբերական եւ նպատակաուղղված աշխատանք աշխարհի մի շարք երկրների հետ, այդ թվում եւ նրանց, ում համար այդ ճանաչումն իրենից բարդություն չի ներկայացնում»,- ասել է Զարգարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---