Փաշինյան․ Խոսքով վարչապետ եմ դարձել, հիմա սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անեմ, որ կա՞րգ պահեն՝ իմը չէ

Փաշինյան․ Խոսքով վարչապետ եմ դարձել, հիմա սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անեմ, որ կա՞րգ պահեն՝ իմը չէ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում իշխանությունը չի կարող ուժ կիրառել ժողովրդի վրա, քանի որ միշտ հաղորդակցության այլ ճանապարհ է ընտրել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխելու համար առավել խիստ միջոցների կիրառմանը։

«Եվ ի՞նչ, ես որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգ ու կանո՞ն պահպանեն։ Ո՞նց անեմ տենց բան։ Ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել։ Խստացնե՞նք, էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել ընդամենն իրար հետ զրուցելով, պայմանավորվելով։ Սա ուզո՞ւմ ենք փոխարինել դուբինկաներով պարի հետ։ Դա իմը չէ։ Այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ո՞նց այդպես վարվենք»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առողջապահական համակարգն արել ու անում է առավելագույնը, սակայն սա առողջապահական խնդիր չէ։ Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կանոնների պահպանումը չվարակվելու համար 95 տոկոս երաշխիք է։

Անդրադառնալով բանկերում և մասնավոր այլ օբյեկտներում հերթերին՝ վարչապետը նշել է, որ իրավիճակի հետ կապված խոսակցություն է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարական է տվել ԲՏԱ նախարարությանը, լուրջ զրույց է ունեցել Ոստիկանության պետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ։

«Ամեն բանկ պարետատան որոշման համաձայն պարտավոր է այդ հարցը լուծել։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն անի՝ ուզում է օգնել, որ նպաստի համավարակի հաթահարմանը, թե ուզում է օգնել, որ ավելի տարածվի։ Ես հասկանում եմ՝ ՀՀ-ում լիքը մարդ կա, որ նպաստում է ամեն ինչով։ Բոլորիս սխալն է, ինձնից սկսած, հազարավոր մարդկանցով ավարտած»,-ասել է նա։

Անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը հաջորդած լուսանկարներին, նա նշել է, որ այն տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ Արցախում ոչ մի օրենք չի խախտվել, իսկ այնտեղ օրենքի խախտման մասին «ադրբեջանցիներն են արձանագրում և որոշ շրջանակներ»։

Մայիսի 25-ին Արցախում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ։ Երդմնակալությունից հետո հրապարակված լուսանկարներում երևում էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ բացօթյա խնջույք է անցկացվել, իսկ նրանք չեն եղել դիմակով և չեն պահպանել սոցիալական հեռավորություն։ Սոցցանցերում լուսանկարները քննադատության առիթ էին դարձել։

Փաշինյանի խոսքով՝ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է, քանի որ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև կառավարությանը ժողովուրդն է բերել իշխաության։

Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով՝ 59-նն են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---