ԳՇ պետը՝ որդու հարսանքի մասին․ Եթե որևէ խախտում եմ արել, պատասխան կտամ

ԳՇ պետը՝ որդու հարսանքի մասին․ Եթե որևէ խախտում եմ արել, պատասխան կտամ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում օրենքի առջև բոլորն են հավասար և բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք, հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

Հունիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե ԳՇ պետի առանձնատանն ընթանում է նրա որդու հարսանիքը։ Օրաթերթը նաև կադրեր ու լուսանկարներ էր հրապարակել առանձնատան շրջակայքից։ ՀՀ-ում կորոնավիրուիս համաճարակը տարածվում է մեծ թափով, երկրում օրական վիրուսի մի քանի հարյուր դեպք է հաստատվում։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով արգելվում է միջոցառումների ու հավաքների անցկացումը։

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- հայտարարել է Դավթյանը։

Ավելի վաղ լուր է շրջանառվել նաև, թե Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի առանձնատուն, փոխանցում է Factor.am-ը։

Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ փոխվարչապետը չի եղել Դավթյանի առանձնատանը, փոխանցում է CivilNet-ը։

«Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի որևէ խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- նշել է Հունանյանը։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր հակահամաճարակային արշավ սկսել, պահպանել բոլոր կանոնները։ Վարչապետն իր էջում ֆլեշմոբ էր սկսել՝ հրապարակելով կանոնների խախտման դեպքերն արձանագրող լուսանկաներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---