Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են

Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել։ Այդ մասին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Ալվինա Գյուլումյանի վրա:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։

Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։

Փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---