Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները

Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները

PanARMENIAN.Net - Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական հետազոտությունները: Ինչպես ամեն տարի, սկզբի մեկ շաբաթը հատկացվում է նախկինում պեղված տարածքների մաքրմանը, տեղեկացնում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։

Մոտ 2 հա զբաղեցնող ճարտարապետական կառույցներն ու մշակութային շերտերը մաքրվում են բուսականությունից, անասնական կեղտից, ընկած քարերը դրվում են իրենց տեղը, բարեկարգվում են միջհուշարձանային ճանապարհները:

Եվս երկու օր, և Տիգրանակերտի երեք հիմնական պեղավայրում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատում, Անտիկ երկրորդ թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում կսկսվեն պեղումները:

Համավարակն իր խիստ պայմաններն է թելադրում նաև այստեղ` պարտադիր ջերմաչափում և գրանցում, ձեռքերի և գործիքների մանրէազերծում, դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում:

Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը հնագիտական հետազոտության առարկա է: Հայաստանի ու Կովկասի տարածքում չկա ավելի մասշտաբային, դիտարժան, հեռվից լավ երևացող, կանոնավոր ուրվագիծը ցուցադրող հուշարձան, քան Տիգրանակերտն է:

Քաղաքի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Որպես բնակավայր այն գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---