Վրացական իշխանությունները հետեւողական քայլեր են իրականացնում Ջավախքի հայերի արտագաղթը խրախուսելու համար

PanARMENIAN.Net - «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումն իր հիմնադրման պահից ստանձնել է ջավախքահայության եւ վիրահայության խնդիրների լուծման հետապնդումը: Խնդիրները բազմաթիվ էին եւ բազմաթիվ են: Վրացական իշխանություններն իրականացնում են հետեւողական քայլեր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ տարածաշրջանում էթնիկական առկա պատկերի փոփոխմանը: Այդ մասին ասվում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ: «Այսպես, Ախալքալաքում գործում է պետական ԲՈՒՀ, որի ուսանողների շուրջ 70%-ը ազգությամբ վրացի են, Նինոցմինդայում գործում է վրացական մանկատուն, կառուցվում է մեծ քրեակատարողական հիմնարկ: Շարունակական փորցեր են կատարվում վրացականացնել հայկական եկեղեցիներ, ստեղծվում են վրացական մենաստաններ: Ջավախքում պարտադրվում է վրացերեն լեզվի ոչ-այլնտրանքային օգտագործումը հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ջավախքահային չի տրվում մայրենի լեզվի հիմքի վրա տեղում համալսարան հիմնադրելու հնարավորություն եւ այլն»,- ասվում է Չախալյանի հայտարարության մեջ:



Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, 2006թ. մարտի 9-ին Ծալկա քաղաքում ազգությամբ հայ Գեւորգ Գեւորգյանի սպանությունը եւ վրաց ոստիկանության կողմից սպանվածի հարազատների եւ ընկերների հավաքված ցույցի ուժով ցրումը առաջացրեց ջավախքահայության արդարացի բողոքի պոռթկում: «Միասնական Ջավախք»-ն առաջնորդեց ժողովրդական բողոքի այս ալիքը: «Ժողովրդական զանգվածային բողոքի յուրաքանչյուր դրսեւորումից հետո որպես «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ` ես հանդիպումներ էի ունենում վրացական իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց կողմից տրվում էին հայ բնակչության խնդիրները լուծելու խոստումներ, որոնք այդպես էլ մնում էին չիրականացված: Իշխանությունների խորհուրդն էր` զերծ մնալ ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներից եւ ջավախքահայության նպատակները հետապնդել ընտրությունների եւ այլ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու միջոցով: «Միասնական Ջավախք»-ը հետեւեց այդ խորհրդին: Մասնակցեցինք 2006թ. հոկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սակայն իշխանության կողմից թույլ տված աղաղակող եւ բացահայտ խախտումները զրկեցին «Միասնական Ջավախք»-ին շրջանային կառավարման մարմիններում որեւէ նշանակալից ներկայություն ունենալու հնարավորությունից: «Միասնական Ջավախք»-ի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը սադրանքի եւ ուժի գործադրմամբ խեղդվեց ոստիկանության կողմից»,- նշվում է հայտարարության մեջ եւ ավելացվում, որ 2007թ. ընթացքում վրաց իշխանությունները սկսեցին հետեւողականորեն իրականացնել «Միասնական Ջավախք»-ի կազմալուծման եւ ղեկավարի քաղաքական մեկուսացման ու չեզոքացման ծրագիրը, որի գագաթնակետը դարձան 2008թ. հուլիսի 17-21-ի գործողությունները:



«Այսօր, 6 ամիս անազատությունից հետո, վրացական իշխանություններն ինձ դատում են 2006թ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար` այն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները եւ վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները, այն ցույցերի, որոնց ընթացքում ջավախքահայությունն իր խաղաղ բողոքի ձայնն էր բարձրացնում ՏԻՄ ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումների դեմ եւ պահանջում անվավեր ճանաչել դրանց արդյունքները»,- հայտնել է Վահագն Չախալյանը եւ վրացական իշխանություններից պահանջել`



1. Կասեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իր ազգականների եւ ընկերների, ինչպես նաեւ իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը, դադարեցնել բոլոր քաղաքական եւ տնտեսական հալածանքները: Ազատ արձակել հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` Ախալցխայում վերջերս ձերբակալված անձանց;



2. Կասեցնել Սամցխե-Ջավախք նահանգի եւ Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը;



3. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի եւ մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար եւ անկողմնակալ հետաքննություն;



4. Լուծել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող բոլոր լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները, եւ մասնավորապես.

. Գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիների ընթացքում նրանից բռնագրավված բոլոր տաճարները;

. Սամցխե-Ջավախք նահանգում եւ Ծալկայի շրջանում օրեսդրորեն թույլատրել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ ընդհանուր գործավարության մեջ հայոց լեզվի օգտագործումը.

. Արտոնել Ախալքալաքում հայկական համալսարանի հիմնադրումը:



Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը վրացական հատուկ ծառայողները եւ տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, հորն ու մորը: Ձերբակալության պահից Չախալյանի գործի վերաբերյալ ընդամենը երեք դատական լսում է եղել, որոնց ժամանակ դիտորդները, այդ թվում` նաեւ Վրաստանի օմբուդսմենի գրասենյակից, ամենակոպիտ իրավախախտումներ գրանցեցին: Դեկտեմբերի 3-ին Չախալյանին նոր մեղադրանքներ ներկայացրեցին եւ դատը տեղափոխեցին անորոշ ժամկետով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---