ՀՀ ԱԳՆ․ Հաստատակամ ենք հրադադարի վերահսկման մոնիթորինգի ընդլայնման հարցում

ՀՀ ԱԳՆ․ Հաստատակամ ենք հրադադարի վերահսկման մոնիթորինգի ընդլայնման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բավական հաստատակամ է եղել և շարունակում է մնալ լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Այս մասին France24-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ պետք է դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և ստեղծել դրա պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ։

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ, քանի որ այն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Իսկ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն, սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հանձնառու է հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցման, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Հայաստանի հանձնառությունն է աշխատել համաչափ փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակել ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար:

Մնացականյանն ասել է, որ պետք է լինի համաչափ փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, ՀՀ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում․ «Մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին»:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի՝ Հայաստանի ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում են, փաստացի սպառնալիք նաև «սեփական» ժողովրդի հանդեպ:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել էր հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը