Մայր Աթոռ․ ՀԵՊ առարկայի դուրսբերումը դպրոցի ծրագրից անընդունելի է, չափորոշիչներում առարկայի ներկայիս ծավալի 30%-ն

Մայր Աթոռ․ ՀԵՊ առարկայի դուրսբերումը դպրոցի ծրագրից անընդունելի է, չափորոշիչներում առարկայի ներկայիս ծավալի 30%-ն

PanARMENIAN.Net - «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պնդումներն ու վստահեցումներն իրականությանը չեն համապատասխանում, առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրսբերումն անընդունելի է հանրակրթական դպրոցից։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը։

Խումբն իր մտահոգությունն է արտահայտել ընթացող գործընթացի առնչությամբ և արձանագրել, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին։ Ենթախումբը հորդորել է հիմնովին վերանայել նախագիծը։ Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ մշակվել են նոր չափորոշիչներ՝ ըստ որոնց վերանայվել են դպրոցական ծրագրին առնչվող որոշ կետեր։ Դրանցով նաև նախատեսվում էր ՀԵՊ առարկայի դասավանդումը Հայոց պատմություն առարկայի հետ կատարել։ Փոփոխության մասին լուրը քննադատության առիթ էր դարձել որոշ շրջանակներում։

«Խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր ազգային եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից»,- վստահ են Մայր Աթոռում։

Ըստ ենթախմբի՝ առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է ՀԵՊ առարկայի ներկայիս ծավալի առավելագույն 30%-ը։

Ենթախմբից նշել են, որ ակնկալում են կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այդ ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

Մայր Աթոռից ասում են, որ առարկայական չափորոշիչներում «հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում»:

Ենթախումբը կրթության պետական լիազոր մարմնին հորդորել է կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

 Ուշագրավ