Ինչպես «կտրել պորտալարը», պոկվել մայրիկի փեշից ու դառնալ երջանիկ. Ձեռնարկ՝ չափահասների համար

Ինչպես «կտրել պորտալարը», պոկվել մայրիկի փեշից ու դառնալ երջանիկ. Ձեռնարկ՝ չափահասների համար

PanARMENIAN.Net - Մի ծանոթ՝ վաղուց չափահաս աղջկա հետ էի զրուցում. ինչպես և շատերը, այս շրջանում աշխատանքի կարիք ունի: Քանի որ մասնագիտությամբ աշխատանք գտնել չի հաջողվում, փնտրում է այլ՝ ավելի «աղջկական» ոլորտներում՝ վաճառող, գանձապահ: Երբ առաջարկեցի դիտարկել նաև սրճարանա-ռեստորանային ոլորտը, նշեց, որ ծնողները դեմ կլինեն, դժվար կլինի համոզել, որ դա «նորմալ աշխատանք է»: Ու թեև զրուցակիցս ժամանակակից հայացքների տեր մարդ էր, ու նրա ասածը պետք է որ ինձ համար անսպասելի թվար, ցավոք, անսպասելի չէր, նույնիսկ՝ օրինաչափ:

Մեզանում ընդունված է, որ ծնողներն իրենց չափահաս (և խոսքը բոլորովին 18 տարեկանը նոր լրացածների մասին չէ, այլ 25, 30, անգամ 40-անց տարեկանների) զավակներին մինչև խոր ծերություն՝ թե՛ իրենց, թե՛ հենց զավակների, երեխա են համարում: Եվ դա միայն կողքից է շատ հաճելի ու ռոմանտիկ հնչում, բայց գործնականում ունենք լուրջ խնդիր, որը հաճախ պատճառ է դառնում բազում դժբախտությունների, կործանված ճակատագրերի, չստացված կյանքերի, էլ չեմ խոսում համեմատ մանր ընթացքային խնդիրների մասին:

Եթե արդեն վաղուց չափահաս եք, բայց ձեր ծնողները հրաժարվում են «կտրել պորտալարը», որոշում են ձեր փոխարեն՝ ինչ հագնեք, ուր գնաք, ինչ սովորեք, ինչ աշխատեք, ում հետ ամուսնանաք, և դա թունավորում է ձեր կյանքը, ժամանակն է կտրվելու մայրիկի փեշից ու վերցնելու սեփական կյանքը ձեր ձեռքերի մեջ: Փոքրիկ սփոյլեր. ինքնուրույնությունը ոչ միայն որոշումները կայացնելու մեջ է, այլև դրանց հետևանքներին տեր կանգնելու: Հետո չասեք, թե չենք զգուշացրել:

Ապացուցի՛ր, որ կարող ես

Ծնողները հիմնականում իրենց զավակների համար միայն լավն են ուզում, պարզապես լավի՝ ձեր և նրանց պատկերացումները կարող են չհամընկնել, և նրանք կփորձեն ձեզ ցույց տալ իրենց պատկերացրած «ճիշտ ուղին»: Դա կարող է լինել ընկերների, կրթության, աշխատանքի հարցում՝ «նա քեզ վրա վատ կազդի», «այս ոլորտը պրեստիժ չի, եկամտաբեր չի», «ես քեզ նրա համար չեմ սենց լավ պահել, որ գնաս՝ ուրիշի մոխրամանները փոխես»: Բոլոր հարցերում միշտ կարելի է գտնել կոմպրոմիս, դրա համար պետք է զրուցել ծնողների հետ, մաքսիմալ պարզ, հստակ ու վստահ հասցնել նրանց ձեր տեսակետը, բացատրել, որ կարող են վստահել ձեզ և ձեր ընտրությանը, որ դուք գիտակցում եք լրջությունը և պատրաստ եք ստանձնելու հետևանքների պատասխանատվությունը: Եթե խոսքերը չեն օգնում, ժամանակն է գործելու: Գուցե ծնողները ձեր մեջ չեն տեսնում ինքնուրույն մարդու. ընդունեք, որ երբեմն դժվար է ինքնուրույն համարել մեկին, ում տարիներ շարունակ խնամել ես և դեռ շարունակում ես պատրաստել նրա համար ուտելիք, հավաքել նրա հետևից սենյակը և այլն (եթե դուք այդպիսինը չեք, կարող եք բաց թողնել այս հատվածը): Շատերս լսել ենք ծնողներից «դու էս տանը ոնց-որ վարձով ապրես, ոչ մի բանի տեղը չգիտես, մենակ գալիս-գնում ես ու քնում» արտահայտությունը: Փորձե՛ք դառնալ լիիրավ անդամ. հավաքեք, պատրաստեք, մաքրեք, և ոչ միայն ձեզ համար, դասավորեք ձեր իրերը, արեք դա առանց մայրիկի կողմից հիշեցումների: Ոչ ոք չի ասում, որ պետք է փակվել խոհանոցում կամ դառնալ ստրկուհի Իզաուրա, բայց կայացած ու կենցաղավարության հմտություններին ծանոթ մարդու դեմո վերսիան ծնողներին ցույց տալն ավելորդ չի լինի:

Ընտրի՛ր քո ուղին

18 տարեկանում, իսկ երբեմն նաև ավելի ուշ էլ դժվար է կողմնորոշվել՝ ինչով ես ուզում զբաղվել կյանքում: Պետք է գիտակցել, որ ամեն ինչ փոփոխական է, և այն, ինչ հաճելի, դուրեկան, հեռանկարային ու պրեստիժ է այս պահին, կարող է հետո այլևս դուրդ չգալ, դառնալ անպետք: Պետք է պատրաստ լինել դրան և չվախենալ, քանի որ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ընտրել: Բացատրե՛ք դա ձեր ծնողներին: Եթե ուզում եք դառնալ դիզայներ, հրուշակագործ, երաժիշտ կամ դիջեյ, իսկ ծնողներն ուզում են ձեզ համար ավելի «լուրջ» մասնագիտություն, հասկացրեք նրանց, որ լավ դիջեյն ավելի շատ կյանքեր կարող է փրկել, քան վատ բժիշկը, առնվազն ոչ մեկի մահվան պատճառ չի դառնա: Եթե, այնուամենայնիվ, ձեզ ստիպողաբար ուղարկում են Բժշկական կամ Իրավաբանական, մի՛ կորցրեք ժամանակը, փորձեք միաժամանակ ինքնուրույն, օնլայն դասընթացների կամ այլ միջոցներով սովորել այն, ինչ ձեզ է հետաքրքրում: Նախ՝ ավելորդ գիտելիքը երբեք չի խանգարի, դա այն է, ինչ ձեզնից խլել չեն կարող, և երկրորդը՝ կկարողանաք ընթացքում թե՛ ինքներդ ձեզ, թե՛ ձեր ծնողներին ապացուցել՝ որն է ձեր ուղին:

Ֆինանսական անկախություն

Գործունակ մարդը չի կարող կայացած համարվել, եթե ֆինանսապես անկախ չէ: Գտե՛ք աշխատանք, վաստակե՛ք գումար. դա համ շատ հաճելի է, մոտիվացնող, ինքնավստահությունը բարձրացնող, համ օգտակար՝ փողը լավ բան է: Ֆինանսական անկախությունը հնարավորություն կտա ձեզ առանձնանալու ծնողներից. մեզանում համարվում է, որ դա «հայեցի չէ», հատկապես աղջիկների դեպքում, բայց հիշեք, որ ձեր կյանքում դուք եք որոշողը, ոչ թե հարևանները, և ձախողումների ու դժբախտությունների բեռը ևս դուք եք կրելու, ոչ թե առաջին հարկի բամբասչի տատին: Եթե, այնուամենայնիվ, ապրելու եք ծնողների հետ, միևնույն է՝ պետք է ունենալ սեփական գումարը, կիսել կենցաղային ծախսերը. ծնողները չեն կարող մինչև կյանքի վերջ ապահովել ձեզ, իսկ անգամ եթե կարող են՝ պարտավոր չեն: Եվ, ի վերջո, վաստակող մարդու կարծիքն ավելի ծանրակշիռ է հնչում, քան նրա, ով հենց նոր մայրիկից սիգարետի փող ուզեց:

Մի՛ վախեցիր լինել երջանիկ, դու արժանի ես

«Շատ թեթև ա ապրում ձեր սերունդը, ամեն ինչ ձեզ շատ հեշտ ա հասնում» հաճախ մեղադրանքով ասում են մեր ծնողները, կարծես, դրանում որևէ վատ բան կա: Նրանց կարելի է հասկանալ, նրանց հիշողության մեջ դեռ վառ են սովետական կրթության այն դրույթները, որ ամեն ինչ պետք է վաստակել քրտինքով և արյունով: Բայց ժամանակները փոխվել են, և այժմ կարելի է վաստակել նաև հաճույքով, հեշտությամբ, իսկ մեր կյանքն իրականում առանց այդ էլ բարդ է, և կարիք չկա այն ավելի բարդ ու սթրեսաշատ դարձնելու (2020-ը վկա): Ուստի շարունակե՛ք ապրել հնարավորինս թեթև, ոչ թե անխելք, այլ թեթև: Մի՛ վախեցեք լինել երջանիկ, մի՛ զգացեք ձեզ մեղավոր դրա համար: Ամեն սերունդ ունի իր բաժին դժվարությունները, և մենք մեղավոր չենք մեր ծնողների բախտին վիճակվածի համար, ու դեռ չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ ապագայում, ուստի քանի կարելի է, պե՛տք է ուրախանալ և վայելել կյանքը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---