Պուտինը Մերկելի հետ զրույցում Բելառուսի գործերին արտաքին միջամտության ցանկացած փորձ անընդունելի է համարել

Պուտինը Մերկելի հետ զրույցում Բելառուսի գործերին արտաքին միջամտության ցանկացած փորձ անընդունելի է համարել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։ Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ, Պուտինը Բելառուսի գործերին արտաքին միջամտության ցանկացած փորձ անընդունելի է համարել։

«Հանգամանալից քննարկվել է նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմը շեշտել է հանրապետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի անթույլատրելիությունը, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի հետագա սրման»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցներն իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս են հայտնել։

Օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ էր բերման ենթարկվել և ձերբակալվել։Նրանց մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել:

Եվրամիության պետությունների ղեկավարներն օգոստոսի 19-ին գագաթնաժողով կգումարեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել Եվրամիությունում անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---