Բժիշկները թույլ չեն տվել տեղափոխել Նավալնուն․ Ֆրանսիան պատրաստ է քաղապաստան տալ

Բժիշկները թույլ չեն տվել տեղափոխել Նավալնուն․ Ֆրանսիան պատրաստ է քաղապաստան տալ

PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքական ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնուն, որն օգոստոսի 20-ից կոմայի մեջ է, ըստ բժիշկների, չի կարելի տեղափոխել։ Որոշումն ընդունվել է Մոսկվայի Բուրդենկոյի և Պիրոգովի անվան բուժկենտրոնների մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած կոնսիլիումի արդյունքում։ Այդ մասին տեղեկացրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած աջակցություն ցուցաբերել ռուս քաղգործչին՝ ներառյալ քաղաքական ապաստանի տրամադրումը, գրում է BBC-ն։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է օգնել Նավալնուն բուժման հարցում, այդ թվում՝ տեղի կլինիկաներում։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին պարզաբանել է, որ թեև պացիենտի վիճակը բարելավվել է, սակայն, այն կայուն չէ, իսկ տեղափոխման համար հարկավոր է հասնել լիակատար կայունացման։ Նա հավելել է, որ 5 հնարավոր ախտորոշում է քննարկվում, որոնք, սակայն, չի բարձրաձայնել, քանի որ հավելյալ հետազոտություններ են հարկավոր, հավանաբար, ևս 2 օր։

Մինչդեռ, Նավալնու հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը հայտարարել է, որ գործչի օրգանիզմում թույն է հայտնաբերվել, որը վտանգավոր է ոչ միայն պացիենտի, այլև շրջապատի մարդկանց համար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կրեմլը պատրաստ է դիտարկել Ալեքսեյ Նավալնուն ավիահաղորդակցության բացակայության պայմաններում արտերկիր տարհանելու հարցը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նավալնին շտապ հոսպիտալացվել է թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։Նավալնին այժմ կոմայի մեջ է։ Պաշտոնական ախտորոշումը դեռ չի հրապարակվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---