Վարչապետի խոսնակ․ Ավելի կոշտ գործիքակազմ է պետք ընտանեկան բռնության դեմ պայքարում

Վարչապետի խոսնակ․ Ավելի կոշտ գործիքակազմ է պետք ընտանեկան բռնության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցնցված է Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից և հավելել, որ ժամանակն է ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում։

«Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են և ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու և բացառելու համար:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:

Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը»,- ասվում է գրառման մեջ։

Խաշթառակի 57-ամյա բնակիչը 2014-ին ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ երեխային ու իր 5 անչափահաս երեխային ծեծել է նաև 28-ամյա հորաքույրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---