Ծառուկյան․ Մեծ հանրահավաք է լինելու

Ծառուկյան․ Մեծ հանրահավաք է լինելու

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպմանն ասել է, որ առաջիկայում մեծ հանրահավաք է լինելու, բարձրաձայնվելու են բոլոր օրախնդիր հարցերը, որպեսզի հետո դրանք բարձրացվեն խորհրդարանում։

Ծառուկյանը նշել է՝ ԲՀԿ հարցումները պարզել են, որ բնակչության 90-95 տոկոսը դեմ է կրթական ոլորտի փոփոխություններին, մասնավորապես՝ Հայ եկեղեցու պատմության դասաժամերը հանելուն։

«Ստորագրություններ էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաքն էլ ենք անելու։ Հայ ժողովուրդը թույլ չի տա փոքրահասակ երեխաների սեռական դասընթացներ. կա հայ եկեղեցի, հայոց պատմություն, հայ գրականություն: Հարցը կբարձրացնենք, մեծ հանրահավաք էլ կկազմակերպենք, որ ժողովուրդն իրենն ասի, որ այդ մասին չփորձեն էլ մտածել ու իրականացնել»,- ասել է նա:

Ծառուկյանը նշել է, որ կառավարության ծրագրով կապիտալ շինարարության համար նախատեսված 300 մլրդ դրամից միայն 12 մլրդ-ն է ծախսվել։

Անդրադառնալով բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների հարցին՝ Ծառուկյանն ասել է, որ պետք է տեր կանգնել ուսանողներին, որպեսզի նրանք չհիասթափվեն, հետագայում ծառայեն իրենց պետությանը։ Որպես այդ վիճակի պատճառ ԲՀԿ նախագահը նշել է կառավարության անդամների մոտ փորձի պակասը։

«Փորձ չունեն, չեն կարողացել ճիշտ կազմակերպել, լիարժեք սխալը պետք է ընդունեն, թույլ տան, որ ուսանողները սովորեն»,- ասել է նա։

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուները հանդիպումների շարք են սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---