Կարանտինի վերաբերյալ օրինագիծը 10-ից ավելի նոր տուգանք է նախատեսում

Կարանտինի վերաբերյալ օրինագիծը 10-ից ավելի նոր տուգանք է նախատեսում

PanARMENIAN.Net - ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով, որով արտակարգ դրությունը կարող է փոխարինվել կարանտինով, տասնյակից ավելի տուգանքի նոր ձևեր են ավելանում։ Ընդ որում, տուգանքի որոշ տեսակների շեմը կարող է հասնել 500,000-ի։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ առումով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։

«Մեր նախկին գործընկերը մի լավ խոսք ուներ՝ ասում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք»,- ասել է նա՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին անդրադառնալով The Economist-ի վերլուծությանը, նշել է, որ եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, տնտեսությանը դիմակի արժեքից 100-150 անգամ ավելի մեծ վնաս է պատճառում:

«Խնդրում եմ այնպիսի տպավորություն չստեղծել, որ պետության նպատակը սեփական քաղաքացիներից տուգանքներ հավաքելն է... Հիմա ոչ մի բան չանելով, ոչ մի սանկցիա չդնելով՝ այդ խնդիրն ինչպե՞ս ենք լուծելու»,- ասել է նա։

Ըստ քննարկվող օրենքների փաթեթի, օրինակ, կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը տուգանվելու է 100-300,000 դրամով։ Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50-200,000 դրամ, իսկ մասնակցելու համար՝ 10,000 դրամ։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր։ Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---