Փաշինյան․ Դիմակ չկրելու տուգանքները հետ չեն վերադարձվի

Փաշինյան․ Դիմակ չկրելու տուգանքները հետ չեն վերադարձվի

PanARMENIAN.Net - Հնարավոր չէ, որ Կառավարությունը հետ վերադարձնի դիմակ չկրելու համար տուգանվածների գումարը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ-ում դիմակ չկրելու համար 10,000 դրամ տուգանք է հասնում։

«Կառավարությունն այդ գումարները հավաքում է ու ոչ թե տանում է Կառավարության անդամների տուն, այլ դրանք մտնում են պետբյուջե և սուբվենցիոն, առողջապահական և այլ ծրագրերի միջոցով կրկին վերադառնում են հանրությանը»,- ասել է վարչապետը` հավելելով, թե ոստիկանությունն ինչքան տուգանում, այնքան էլ դիմակ է բաժանում։

Փաշինյանի խոսքով՝ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքներն արդյունավետ են և դա ցույց է տալիս նաև դեպքերի շարժընթացը։

Վարչապետը նշել է, թե առաջիկայում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը կարող է պարզել, որ Կառավարության հիմանական, ամենամեծ սխալն այն է եղել, որ համավարակի սկզբում կոշտ միջոցներ չեն կիրառվել։

Փաշինյանը հիշեցրել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տուգանվել է եթերում դիմակ չկրելու համար և նշել, որ կան պատգամավորներ, որ ամբիոնից են առանց դիմակի խոսում, նրանց պետք է տուգանել։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված քաղաքացիները պարտավոր են կրել դիմակներ բաց տարածքներում ու մարդաշատ վայրերում։ Դիմակ կրելու պահանջը չի գործում մի շարք առանձին դեպքերում միայն։ Ավելի վաղ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիմումով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Կառավարության ու Պարետատան աշխատանքը համավարակի ընթացքում։

 Ուշագրավ
Պարգևավճար են ստացել փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով