17 սեպտեմբերի 2020 - 14:36 AMT
Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում

Հայտնի ըմբիշ, մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամուլի ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա: Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։

Շատ կուզեմ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն»,- ասվում է գրառման մեջ։

Ջուլֆալակյանը վստահություն է հայտնել, որ դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն իրեն չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ:

«Ես չէի ուզում, նա ստիպեց․․․Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ: ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ շատ է ցավում Ջուլֆալակյանի որոշման համար, սակայն բուն հայտարարությունը չի մեկնաբանել։ Իսկ սեպտեմբերի 16-ի ասուլիսում նախարարը հայտարարել է, որ անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ «ունեցել են զրո քննարկում»։