«Նորք» ԻԿՀ անձնակազմի բաց նամակը․ Մեր ներուժը պետք է չանտեսվեր և գնահատվեր

«Նորք» ԻԿՀ անձնակազմի բաց նամակը․ Մեր ներուժը պետք է չանտեսվեր և գնահատվեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առիթով, ի թիվս այլ գործիչների, պետական պարգևների են արժանացել նաև բժիշկներ, այդ թվում՝ Covid-19-ի դեմ պայքարող բաժանմունքների ղեկավարներ։ Պարգևատրվածների թվում, սակայն, չկար կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոնի որևէ ներկայացուցից։ Կենտրոնի անձնակազմը առիթով բաց նամակ է հղել վարչապետին ու նախագահին։ Ներկայացնում ենք այն ստորև․

Թվելով ՀՀ-ում վարակի տարածման ժամանակագրությունը, անձնակազմը նշում է, որ մարտին «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի: «Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմական իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ -ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ, ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել», - նշվում է նամակում: «Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում: Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար: Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է», - ընդգծվում է նամակում:

«Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի և կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ», - եզրափակում են նամակի հեղինակները։

Կենտրոնի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել օգոստոսին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուց հետո, արդարացի է որակել պահանջը։ «Անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգևատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։ Կրկնվեմ` գործող անձանցից», - նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---