Հայաստանն ամենահարմար եւ անվտանգ ճանապարհն է դեպի Եվրոպա իրանական գազի տարանցման համար

PanARMENIAN.Net - Վերջին ամիսների իրադարձությունները էապես փոխեցին Կովկասի իրավիճակն ու Հայաստանի դերը տարածաշրջանում: Մինչ այժմ իրագործվող էներգետիկ տարածաշրջանային նախագծերի նպատակն էր մեկուսացնել Հայաստանը, սակայն ներկա դասավորությունը հարցականի տակ է դնում արդեն գոյություն ունեցող նախագծերի իրականացումը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը: «Վրաց-հարավօսական հակամարտությունը դեռեւս վերջնական լուծում չի ստացել: Այնտեղ դեռ սպասվում է լարվածության աճ: Բացի այդ, Վրաստանով անցնող տարանցիկ ճանապարհը շատ թանկ է նստում, եւ այդ առումով Հայաստանը կարող է փոխարինել նրան»,-ասել է հայ փորձագետը:



Ըստ Դիլանյանի, Ադրբեջանի վիճակն էլ այնքան լավ չի: «Ռազմական բյուջեի ծավալների ավելացումը եւ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն Արեւմուտքի մոտ այն տպավորությունն են ստեղծում, որ Ադրբեջանը կարող է երկրորդ Վրաստանը դառնալ, ինչը բնականաբար, անցանկալի է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար: Բացի այդ, Ադրբեջանի գազի ու նավթի ռեսուրսներն այնքան էլ շատ չեն, որքան դա պնդում են Բաքվում«,-նշել է Դիլանյանը` հավելելով, որ Nabucco նախագծի իրականացումը ադրբեջանական գազի նման ծավալների դեպքում ուղղակի անիրական է:



«Որպեսզի նախագիծը մեկնարկի, անհրաժեշտ է 15 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ Ադրբեջանն ընդամենը 5 մլրդ խ.մ. ունի: Այստեղ արդեն ստիպված են լինելու դիմել Իրանի ծառայություններին: Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վերջին լավատեսական հայտարարությունները` կարելի է ասել, որ իրանական գազը կներառվի Nabucco-ում»,-հայտարարել է փորձագետը: Այդ դեպքում, ըստ Դիլանյանի, Հայաստանը տարածաշրջանում իրեն դրսեւորելու շանս է ստանում: «Իրանի հետ ռազմավարական-գործընկերային հարաբերությունների առկայության պայմաններում, Հայաստանը կարող է ամենահարմար եւ անվտանգ ճանապարհը լինել դեպի Եվրոպա իրանական գազի տարանցման համար: Պետք է հաշվի առնել, որ թուրք-իրանական սահմանին հարող տարածքները չափզանց վտանգավոր են եւ ահաբեկչության օջախներ են: Հետեւաբար, դեպի Եվրոպա բնական գազի տարանցման ամենաանվտանգ ճանապարհը Իրանից Հայաստան, այնուհետեւ Թուրքիա, Սեւ ծովով դեպի Եվրոպա տանող ճանապարհն է: Այս ամենը շատ իրական է»,-ընդգծել է Վ.Դիլանյանը:



Հայ փորձագետը հիշեցրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հայտարարության մասին, որն արվել է 2008թ. վերջում, որտեղ թուրք նախարարը հայտարարել էր, թե Հայաստանը կարող է իրանական գազի տարանցման այլընտրանքային ուղի հանդիսանալ: «Համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իսկ վկայում է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին փոխարինելու են եկել տնտեսական մոտիվները եւ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դա օգտագործելու համար»,-ընդգծել է Վահան Դիլանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---