Ղարաբաղյան հիմնախնդիրը առանձնահատուկ տեղ չի գրավում ռուս-թուրքական բանակցություններում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր է, քնարկվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ բանակցությունների ընթացքում: Բայց այն դժվար թե առանձնահատուկ տեղ է գրավում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Ռազմավարական մշակույթի ֆոնդի փորձագետ Անդրեյ Արեշեւը:



«Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի Մոսկվա կատարած այցին նախորդել են արտգործնախարար Ա.Բաբաջնի հանդիպումները իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Հնարավոր է, Մայնդորֆյան հռչակագի ստորագրումից հետո կարելի է ենթադրել, որ որոշ հետագա նախաձեռնություններ են ձեռնարկվելու: Բայց այստեղ կարեւոր է հասկանալ, թե որքանով են դրանք համաձայնեցվելու Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ եւ, առաջին հերթին, այդ խմբի «ամերիկյան» հատվածի հետ ի դեմս Մեթյու Բրայզայի: Նոր ամերիկյան վարչակազմի քաղաքականության կոնկրետ նպատակները (մասնավորապես, հարավկովկասյան ուղղությամբ) դեռեւս հարկ եղած չափով չեն ձեւավորվել: Մի կողմից, դա շահագրգռված խաղացողներին հնարավորություն է տալիս -շտել ժամերը եւ որոշ մոտեցումներ մշակել, իսկ մյուս կողմից, արեւմտյան ռազմա-քաղաքական կառույցների մեջ որոշ պետությունների ինտեգրացման հարցում շահագրգռված ուժերը կրկին կարող են իրենց մասին հիշեցնել, այդ թվում եւ զինված սադրանքների միջոցով: Տեղեկատվական սադրանքները, հիշեցնենք, արդեն եղել են. հիշեցնենք Բաքվում կազմակերպված պատմությունը այսպես կոչված «Հայաստանին ռուսական զենք մատակարարելու» առնչությամբ... Բոլոր «ղարաբաղյան» միջնորդները անփոփոխ ընդգծում են, որ իրենք չեն կարող պայմանավորվել հակամարտող կողմերի փոխարեն, իրենք կարող են միայն առաջարկել փոխզիջողական լուծումներ փնտրել: Իսկ փոխզիջման ձգտումը չի երեւում Ադրբեջանի կողմից, որի ղեկավարները չեն դադարում ռազմատենչ հայտարարություններ կատարել: Կողմերի շփման գծում գնդակոծությունները վերջերս հաճախացել են, եւ միանգամայն ակնհայտ է, թե կողմերից որ մեկն է շահագրգռված դրանցում. չնայած ապատեղեկատվության հոսքին, որը շարունակում է թափվել անտեղյակ հանրության գլխին: Այդ պայմաններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայկական կողմի սկզբունքային մոտեցումների մասին հիշեցումը բոլորովին ավելորդ չեղավ»,- ընդգծել է Անդրեյ Արեշեւը:



Նրա կարծիքով, օբյեկտիվորեն ո'չ Մոսկվան, ո'չ Անկարան, ո'չ Թեհրանը շահագրռգված չեն Հարավային Կովկասի իրադրության ապակայունացման գործում, ինչը նախապայմաններ է ստեղծում նրանց միջեւ որոշակի կողմնորոշման համար: «Հետեւաբար, կարելի է խոսել միայն ստատուս-քվոյի օժանդակման մասին, ընդ որում, Անկարայի առաջարկած «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմը» պահանջում է առնվազն լուրջ քննարկումներ եւ ուղղումներ: Լուրջ տարաձայնությունները պահպանվում են, եւ դժվար թե Թուրքիայի չափազանց ակտիվ դերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ոգեւորությամբ կընդունվի Թեհրանում կամ Մոսկվայում:



Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքում ղարաբաղյան ուղղությամբ (ինչպես մոտ, այնպես էլ միջին հեռանկարներում) առանձնապես «առաջընթաց» չկա»,- ասել է Արեշեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---