Փաշինյան․ Ալիևն է ինձ դիմել, ոչ թե ես՝ իրեն, խնդրել է չխոսել իր երկրի իրավիճակի մասին

Փաշինյան․ Ալիևն է ինձ դիմել, ոչ թե ես՝ իրեն, խնդրել է չխոսել իր երկրի իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - 2018-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի և մյուս բոլոր հարցերը չէին հետաքրքրում, նա մտահոգված էր միայն, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ալիևն իրեն անձամբ է խնդրել հետհեղափոխական ելույթներում չխոսել իր երկրի իրավիճակի վերաբերյալ։

Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլում շրջանառված տեղեկություններին, թե Ալիևը հետհեղափոխական Հայաստանի կառավարությանը ժամանակ է տվել՝ իր խնդրանքով։

«Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ նա՝ ինձ։ Այդ ժամանակշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր և գործնականում ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես էր ստացվել, որ դրանից առաջ էլ ես, մի շարք հանգամանքների բերումով, անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել այդ երկրի ժողովրդի հետ ու քննադատական խոսքեր էի հնչեցնում այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իլհամ Ալիևը շահագրգռված էր ինձ խնդրել, որ Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ։ Ինչո՞ւ․ մի պարզ պատճառով, քանի որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել և ամբողջ տարածաշրջանի ընդդիմադիրները ոգևորված էին։ Այդ երկրի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ ելույթներս կարող են որոշակի պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- հայտարարել է Փաշինյանը Հանրայինի «Հարցազրույցում», փոխանցում է «Այսօրը»։

Փաշինայնի խոսքով՝ նա գոհ է, որ նման համաձայնություն է ձեռք բերվել, քանի որ Ադրբեջանի ներքին հարցերն իր օրակարգինը չեն, և դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
«Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը»,-ասել է նա
---