Հայաստանում քրեական պատիժ կսահմանվի հոգեորսության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, շուտով խորհրդարանում քվեարկություն կանցկացվի այդ հարցի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է օրինագծի հեղինակներից մեկը, ՀՀ խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքն ընդունվել է 1991թ.: Վերջին անգամ ուղղումներ են կատարվել 2001թ.: Գործող օրենքում չեն արտացոլվել 2005 թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքները»,-հայտարարել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, օրինագծում հոգեորսությանհստակ սահմանում է տրվում: Հոգեորսությունն արգելված է գործող օրենքով, սակայն այնտեղ բացակայում է այդ երեւույթի սահմանումը:



«Հոգեորսություն կամ պրոզելիտիզմ տերմինը կիրառում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հոգեորսություն է համարվում այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների շրջանում տարվող քարոզչությունը, որի ժամանակ կիրառվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ պարտադրանք, ատելություն է ձեւավորվում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, նրանց հավատի եւ գործունեության հանդեպ, վիրավորանք է հասցվում այլ հավատին, մարդիկ հետապնդվում են իրենց իսկ բնակարաններում, աշխատավայրում, հանգստյան վայրում, ինչպես նաեւ հեռախոսով առանց իրենց ցանկության կամ խնդրանքի»,-նշել է օրինագծի համահեղինակը:



Նրա խոսքերով, նման դեպքերում քաղաքացին իրավունք ունի դիմել համապատասխան ատյաններին եւ պաշտպանել իր իրավունքները: «Բացի այդ, ուղղումների հետ մեկտեղ ՀՀ ՔՕ-ում պատիժ է սահմանվում հոգեորսության համար` 500 նվազագույն աշխատավարձի չափով կամ մեկ տարվա ազատզրկման ձեւով»,-հաղորդել է Ա.Աշոտյանը: Նա նաեւ նշել է, որ օրինագծի ստեղծման համար համահեղինակները դիմել են եվրոպական երկրների փորձին, մասնավորապես, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի փորձին: «Մենք ցանկանում ենք, որ բոլորը հստակ հասկանան, որ օրինագիծն ուղղված չէ որեւէ կրոնական կազմակերպության դեմ: Բացի այդ, այդ օրենքը չի տարածվում Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների վրա»,-ընդգծել է Աշոտյանը: Նրա խոսքերով, օրենքն առաջին հերթին նպատակ ունի պաշտպանել մեր երկրի քաղաքացիների իրավունքները, կյանքն ու առողջությունը»,-հաղորդել է Աշոտյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---