«Ավրորան» $1 մլն է ուղղել «Հայաստան» հիմնադրամին, ևս $1 մլն՝ հատուկ ծրագրին

«Ավրորան» $1 մլն է ուղղել «Հայաստան» հիմնադրամին, ևս $1 մլն՝ հատուկ ծրագրին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանն հայտարարել են 2 միլիոն դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի և Արցախի անմիջական կարիքները հոգալու և հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար:

Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների և հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են 1 մլն դոլարի հատուկ ծրագրի և միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորումը, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:

«2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ավրորայի» և UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ նորաստեղծ հատուկ նախագծին՝ նվիրատվություններ կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և #AraratChallenge շարժման կայքերի միջոցով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---