Հայաստանի տնտեսական աճի կարեւորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս ե՛ւ իբրեւ կառուցապատողներ, ե՛ւ իբրեւ ներդրողներ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության եւ ֆինանսների նախարարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր։



Ներկայացնելով խորհրդակցության նպատակը, վարչապետը նշել է, թե վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ տնտեսական աճի կարեւորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը։ Այդ շինարարությունն իրականացվել է հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով, որի մի զգալի մասն ապահովվել է արտասահմանյան գործընկերների միջոցների հաշվին. ,Այն գնահատականները, որ դուք ունեք, այն սպասումները, ծրագրերը, որոնք առկա են, մեզ համար, իհարկե, էական նշանակություն ունեն, որպեսզի ճիշտ կանխատեսենք 2009-2010 թվականների մեր ֆինանսական հոսքերը մի կողմից, եւ մյուս կողմից` տնտեսական աճի հնարավոր սցենարները։ Դուք շատ լավ գիտեք ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում, ի՞նչ ծավալի պատվերներ կան, որոնք գալիս են ներքին շուկայի պահանջարկից ու նաեւ դրսիցե, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` առաջարկելով խորհրդակցությանը մասնակցող կառուցապատող-ներդրողներին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից աջակցության ձեւերի վերաբերյալ` շինարարության ոլորտում որոշակի աշխուժացում ապահովելու եւ համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր շուկայի վրա համատեղ ուժերով հնարավորինս մեղմելու համար։



Մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ողջունելով ՀՀ կառավարության քաղաքականությունը` տարբեր ոլորտներում գործարարների հետ նման քննարկումներ անցկացնելու եւ համագործակցության ու աջակցության առաջարկությունների համար, ներկայացրել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց մտահոգություններն ու խնդիրները:



Ամփոփելով խորհրդակցությունը, վարչապետն ընդգծել է, թե առաջին անհրաժեշտ միջոցառումը հիփոթեքային շուկայի զարգացումն է, որը թույլ կտա լուծել կառուցապատողների կողմից առաջ քաշված խնդիրները։ Երկրորդը` ըստ կառավարության ղեկավարի, պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվող շինարարությունը` այդ թվում աղետի գոտում, շարունակելն ու ավարտին հասցնելն է, որն ամեն դեպքում պետք է իրականացվի։ Դրա շրջանակներում եւս հնարավոր է դիտարկել մասնավոր հատվածի ընկերությունների կարողությունների օգտագործմամբ` նրանց աջակցելու հարցը։ Վարչապետն առաջարկել է կառուցապատողներին` այս ընթացքում սերտորեն համագործակցել նաեւ ՀՀ ԿԲ-ի հետ եւ վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո, նախաձեռնել նմանատիպ եւս մեկ քննարկում։
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---