ԱՆ-ն զգոնության կոչ է անում՝ Covid-19-ը չի նահանջել

ԱՆ-ն զգոնության կոչ է անում՝ Covid-19-ը չի նահանջել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում Covid-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և խլում կյանքեր:

Նշվում է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 8-ի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 1000-ը (1004), ևս 718 նոր դեպք կա։ Կորոնավիրուսի դեպքերը հասել են 54,473-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,312 է, փաստացի բուժվողներինը՝ 7855։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---