Թուրք գիտնականները բողոքում են Թուրքիայի դպրոցներում հակահայկական ֆիլմի ցուցադրման դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Կրթության նախարարության որոշումը, որի համաձայն բոլոր թուրքական նախակրթարաններում պետք է կազմակերպեն «Սարը Գյալին» ֆիլմի ցուցադրումներ, առաջ է բերել ոչ միայն Ստամբուլի հայկական համայնքի, այլեւ թուրք գիտնականների դժգոհությունը: Նրանք սուր քննադատության են ենթարկել ֆիլմը, որը հակահայկական քարոզչություն է պարունակում եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումը: «Այդ ֆիլմը դիտած ուսանողները նշում են, որ այդ փաստագրական ֆիլմը գիտական հիմք չունի: Ֆիլմի ցուցադրումը միայն թշնամանք եւ խտրականություն է սերմանելու հայերի հանդեպ»,- ասվում է Թուրքիայի Պատմության ֆոնդի հայտարարության մեջ:



Yenisafak օրաթերթի լուսաբանող Ալի Բայրամօղլուի կարծիքով, երեխաների ներգրավումը նման հակամարտությունների մեջ ճիշտ չէ: «Այդ գործողություններն ուղղված են նրան, որ թուրքական հասարակությունը ամբողջությամբ ընդունի Անկարայի պաշտոնական գաղափարախոսությունը: Այդպես գործում են տոտալիտար պետությունները»,- ասել է Բայրամօղլուն: Նա նաեւ նշել է, որ նույն դասարանում սովորող հայ եւ թուրք երեխաներին ստիպել այդ ֆիլմը դիտելը պարզապես ոչ ժողովրդավարական քայլ է: «Պատկերացրե'ք, եթե Բուլղարիայում բնակվող թուրքերը ստիպված լինեն դիտել մի փաստագրական ֆիլմ, որտեղ պատմվում է, որ թուրքերը դաժան են եղել բուլղարների հանդեպ: Դա նորմա՞լ երեւույթ է»,- հարցնում է Բայրամօղլուն:



Ստամբուլի մշակույթի համալսարանի դասախոս Մենսուր Աքղյունն իր հերթին ընդգծել է, որ, չնայած ինքը չի դիտել այդ ֆիլմը, բայց վստահ է, որ այն բացասական քարոզչություն է պարունակում: «Այնպիսի փուլում, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվում են, ճիշտ չէ բացասական նյութեր տարածելը, հատկապես երեխաների շրջանում»,- ասել է Աքղյունը:



«Սարը Գյալին» փաստագրական ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են «հայերը կոտորում թուրքերին»: Թուրքիայի հասարակական գործիչների կարծիքով, այդպիսի ֆիլմի ցուցադրությունը թուրք դպրոցականների շրջանում կնպաստի հայ ժողովրդի հանդեպ ատելության սերմանմանը: Այդ առիթով Ստամբուլի հայկական համայնքի եւ թուրքական հասարակության 500 ներկայացուցիչներ արդեն բողոքի հայտ են ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---