Վեհափառը կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Վեհափառը կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որում նաև դիմել է մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, հատկապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու համար։

«Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ:

Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց: Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու` կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում»,- նշվում է ուղերձում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---