ՀՀ նախագահը Բրյուսելում է. Կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահը Բրյուսելում է. Կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմի հրետակոծման փաստերը:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---