ԱՆ-ի ահազանգը՝ Covid-19-ի տարածման պատճառով վիրավորները կարող են առանց պատշաճ բուժօգնության մնալ

ԱՆ-ի ահազանգը՝ Covid-19-ի տարածման պատճառով վիրավորները կարող են առանց պատշաճ բուժօգնության մնալ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգում է համակարգի ծանրաբեռնվածության պատճառով մարտի դաշտում վիրավորվածների՝ առանց բուժօգնության մնալու հնարավորության մասին: Նման իրավիճակի պատճառը հիվանդանոցային ազատ տեղերի սղությունը կամ դրանց բացակայությունն է լինելու։ Ուստի քաղաքացիներին զգոնության կոչ է արվում խստորեն պահպանել համաճարակային կանոնները։

«Իմ մեկնաբանությունը միակն է, որ խիստ հետևեն հակահամաճարակային կաննոներին, այո, հնարավոր է՝ [հիվանդանոցում ազատ տեղ․-խմբ․] չլինի, որովհետև այս պահին 3 ուղղությամբ է պայքարում առողջապահական համակարգը։ Առաջին ուղղությունը դա սովորական դեպքերն են՝ ծննդօգնությունից, ոտք-ձեռք կոտրելուց մինչև ինսուլտ-ինֆարկտ։ Մեծ ուղղությունը դա կորոնավիրուսն է, որի թվերն ուղղակի աննկարագրելի [տեմպերով-խմբ․] աճում են։ Եվ երրորդ ուղղությունը վիրավոր զինվորներն են․ այս պահին ամբողջ մեր առողջապահական բուժօգնությունը պետք է նրանց ոտքի կանգնեցնելու համար, որ վիրավոր զինվորները չմնան առանց բուժօգնության։ Ուստի այս պահին միայն զգոնության կոչ ենք անում»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով հիվանդանոցում տեղերի բացակայության մասին PanARMENIAN.Net ի հարցին։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 2306 նոր դեպք կա, 16 մահ։

Կորոնավիրուսի դեպքերը հասել են 70,836-ի։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---