Սիմֆոնիկի բարեգործական համերգներից հավաքված 30 մլն դրամը` «1000 դրամի» հիմնադրամ

Սիմֆոնիկի բարեգործական համերգներից հավաքված 30 մլն դրամը` «1000 դրամի» հիմնադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգի ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։

Խոշոր նվիրաբերություններ են կատարել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ‚ բարերար Գաբրիել Չենբերջյանը (800 հազար դրամ)‚ «Ինգո Արմենիան» (500 հազար դրամ)‚ երեք օրերի հանգանակությունները կրկնապատկվել են «Էվոկաբանկի» կողմից. այսպիսով՝ չորս օրվա ընթացքում հավաքվել է 12.5 միլիոն դրամ:

Սերգեյ Սմբատյանի ընտանիքը հավաքված գումարը դարձրել է 15 միլիոն դրամ‚ իսկ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու իր ընկերներն ԱՄՆ-ից կրկնապատկել են հավաքված գումարը՝ այն հասցնելով 30 միլիոն դրամի։ Հանգանակված միջոցները փոխանցվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Վերջին՝ չորրորդ համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ։ Հնչել են հայրենասիրական‚ ժողովրդական երգեր‚ ինչպես նաև՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը դարձած «Անունս Արցախ է» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։

Բարեգործական համերգների ինֆորմացիոն հովանավորն էր PARA TV-ն‚ հեռարձակման հովանավորը՝ «Ռոստելեկոմը»։ Ձայնային և տեխնիկական սպասարկումն ապահովում էին «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը‚ «Օն օֆ» կազմակերպությունը, հնչյունային ռեժիսոր՝ Գրիշա Օհանյան։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---