Էրդողան․ Ադրբեջանում ռազմական ներկայություն ունենք, ինչպես Սիրիայում ու Լիբիայում

Էրդողան․ Ադրբեջանում ռազմական ներկայություն ունենք, ինչպես  Սիրիայում ու Լիբիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում, այնպես, ինչպես Լիբիայում և Սիրիայում, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թվիթերյան իր էջում այդ մասին գրել է լրագրող Աբդուլլահ Բոզքուրթը։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հետաքրքիր է հատկապես վերլուծաբանների ու հետաքննող լրագրողների այն դիտարկումների ֆոնին, թե Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն ու հատկապես ԼՂ դեմ պատերազմի ռազմավարությունն ամբողջությամբ թուրքերն են մշակում ու իրականացնում։ Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը» բացահայտել էր Թուրքիայի ռազմական ներկայությունն ու միջամտությունը փաստող մի շարք տվյալներ՝ կապված ԼՂ-ում մարդուժի ու զինտեխնիկայի կիրառման հետ։

Թուրքիայի նախագահը նաև ասել է, թե Ադրբեջանի նախագահ, «իր եղբայր Իլհամ Ալիևի հետ խոսելուց հետո լավ նորություններ է լսել» ու շուտով ինքը Լեռնային Ղարաբաղում «հաղթանակ է կանխատեսում»։

Թուրքիան Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մեծապես օժանդակում է Ադրբեջանին՝ ռազմական ներուժով, այդ թվում՝ մարդկային ռեսուրսներով ու Սիրիայից և Լիբիայից բերված վարձկաններով։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ Թուրքիան բացասական դեր ունի ԼՂ հակամարտության մեջ, և Հայաստանն ու Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի, եթե չխառնվեր այդ երկիրը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---