Սիմոնյան․ 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ

Սիմոնյան․ 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության մասին և հարձակում եղավ կառավարության շենքի և կառավարական առանձնատան վրա, ինքը «շատ է վախեցել երկրի, իր ընտանիքի ապագայի համար»։

«Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած․․․ Վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր»,- գրել է նա։

Նա տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 5-11-ը գտնվել է գործուղման մեջ Մոսկվայում, ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Գործուղման ավարտից հետո, նոյեմբերի 13-ին վերադարձել է Հայաստան։

«Հաջորդ անհեթեթ սուտն այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների և լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք»,- գրել է նա։

«Ուզում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, ովքեր անկեղծ զայրացած են հայ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։ Ուզում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցավում, որ այս հարցում չեմ արդարացրել ինչ-որ սպասումներ։ Այն դժոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ուժերից, իրոք, վեր է։ Ես նաև ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես մահացել եմ ամեն մեռնողի հետ, արտասվել եմ ամեն ձեր արտասուքի հետ, և ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առջև»,-գրել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ-ում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---