Փաշինյանն առաջարկել է անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել աշխատանքային խմբում

Փաշինյանն առաջարկել է անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել աշխատանքային խմբում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին, առաջարկել է նրանց ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, ներողություն է խնդրել, որ մինչև հիմա պետմարմիններն ի վիճակի չեն եղել իրենց հարցերին պատասխանել:

«Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքն իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:

Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ խորհրդակցություն եղել է մի բանի մասին՝ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին է, իր ընտանիքի անդամն է, իր ցավով ապրողն է, իր տառապանքով տառապողն է:

«Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա:

Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական: «Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է»,- ասել է վարչապետը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են արել պաշտպանության նախարարության շենքի դիմաց, հետո կառավարության մոտ, որտեղ նրանց ներկայացուցիչներին ընդունել է վարչապետը։

ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 13-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ԼՂ հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհետ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներից։

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով