ՄԻՊ-ը՝ Human Rights Watch-ին․ Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում է պահանջում

ՄԻՊ-ը՝ Human Rights Watch-ին․ Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում է պահանջում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:

Թաթոյանը հավելել է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Նշվել է, որ Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին: Այս ամենը, ըստ Թաթոյանի՝ Ադրբեջանում հայատելության կազմակերպված քարոզի, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասն է: Ավելին՝ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու դրանց տարածումը խրախուսվում է:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է իր եզրակացությունը, թե Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Human Rights Watch կազմակերպությանն այն բանի համար, որ հատուկ զեկույցով հաստատվել էր քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակների կիրառության փաստը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---