Բնակարանաշինության ծրագիրը՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում

Բնակարանաշինության ծրագիրը՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - 2020-ը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Համավարակի պատճառով շինհրապարակ մեկնող աշխատակիցները գարնանը ստիպված են եղել դադարեցնել կամավորական աշխատանքները:

Սահմանապահ Այգեպարում բնակվող Փայտյանների ընտանիքը վերսկսել է շինարարությունը: Զինվորական որդու երիտասարդ ընտանիքին նոր բնակարանում տեսնելու՝ հոր ցանկությունը մեծ է: 1992-ին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում տուն կորցրած Վալերիկ Փայտյանը չի կոտրվել: Զգում է սահմանին ապրելու պատասխանատվությունն ու ցանկանում երիտասարդներին ամուր, միասնական, բազմազավակ ընտանիքներով և ուժեղ տեսնել:

«Հիմա, երբ պատերազմը դադարեց, շարունակում ենք շինարարությունը: Բավականին աշխատանք ենք իրականացրել: Պիտի ավարտին հասցնենք: Երիտասարդությանը պիտի խորհուրդ տամ զգոն ու միասնական լինել, սիրել գյուղը, չհեռանալ հայրենիքից և աշխատել»,- ասել է Վալերիկ Փայտյանը:

Սահմանապահ Վազաշենում բնակվող Երվանդ Գևորգյանն էլ փորձել է շենացնել հոր կառուցած տունը: Տարիների ընթացքում հասցրել է մեծացնել տան մակերեսը, կառուցել է նաև հյուրասենյակ, բայց տանիքի խնդիրը չի լուծվել: Գործընկերների աջակցությամբ, Երվանդին հաջողվել է ընտանիքին ազատել հերթական ձմեռը հին տանիքի տակ ապրելու հեռանկարից: 1994-ին, սահմանին ականից ոտքը կորցրած տանտերը լավ գիտի խաղաղության գինն ու կարևորությունը: Նոր կառուցված տանիքին զույգ աղավնիների՝ խաղաղության խորհրդանիշ է մոնտաժել:

«Թուրքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Եթե անհրաժեշտ լինի՝ նորից կկռվենք, բայց տանիքի վրա աղավնիները դրել եմ, որ հասկանան՝ մենք խաղաղության կողմնակիցներ ենք: Խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդներն ամուսնանան ու շատ երեխաներ ունենան»,-ասել է Երվանդ Գևորգյանը:

«Քանի դեռ մարդու մեջ ապրում է հավատը, բոլոր խնդիրները հաղթահարելի են: Եթե սահմանին ապրողը տուն է կառուցում, ուրեմն՝ նրա սրտում կարող է ապրել հավատը: Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք ամրացնել սեփական հողում ապրելու և բարիք ստեղծելու՝ գյուղացու կամքը: Նա կարող է երազել, ձգտել իր երազանքների իրականացմանը, եթե ունենա մենակ չմնալու վստահությունը: Թեև տարին շատ բարդ սկիզբ ունեցավ ու մինչ օրս կան տարբեր խնդիրներ, մենք պիտի ամրանանք և շարունակենք կառուցել մեր երկիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---