Սերժ Սարգսյան․ ԼՂ բանակցային գործընթացի մասին ով խոսի` Փաշինյանը պետք է լռի, իսկ պատմությունը գրվում է փաստերով

Սերժ Սարգսյան․ ԼՂ բանակցային գործընթացի մասին ով խոսի` Փաշինյանը պետք է լռի, իսկ պատմությունը գրվում է փաստերով

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը` արձագանքելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հայտարարել է, որ բանակցային գործընթացի մասին ով խոսի` Փաշինյանը պետք է լռի, իսկ պատմությունը գրվում է փաստերով:

«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից:

Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը: Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ:

Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար:

Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ:

Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Փաշինյանն անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել է բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ իրենից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով:

Նշվում է նաև, որ ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա:

«Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարություններին, թե գործող իշխանությունը ձախողել է դիվանագիտությունը, ասել է, որ 25 տարում Հայաստանը դիվանագիտական հարթակում Ղարաբաղի հարցով չի ունեցել հաջողություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---