ԱԱԾ․ Զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ կան

ԱԱԾ․  Զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ կան

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ երկրում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ:

Նշվում է, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել կազմակերպված հավաքներին:

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Միաժամանակ, կառույցից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումը բացառապես անձի ազատ կամարտահայտության պայմաններում, իսկ այդ հավաքներին մասնակցելուն պարտադրելու բոլոր դեպքերը հայտնաբերվելու են, իսկ խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության կկանչվեն։

ԱԱԾ-ն տեղեկացնում է նաև, որ ներկայումս առկա են ՀՀ-ում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ևս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով ՀՀ ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:

Ընդդիմադիր 17 կուսակցության գործիչները մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, ժամանակ են տվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա, հակառակ դեպքում ամբողջ երկրով անհնազանդության ակցիաներ են սկսելու: Այդ մասին հայտարարել է Հայ Հեղափոխական դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---