Մանուկյան․ Սա պարտության խարանը մաքրելու, մեջքներս ուղղելու շարժում է, ցնցումներ չենք ուզում

Մանուկյան․ Սա պարտության խարանը մաքրելու, մեջքներս ուղղելու շարժում է, ցնցումներ չենք ուզում

PanARMENIAN.Net - «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այդ շարժումը պարտության խարանը մաքրելու, մեջքներս ուղղելու շարժում է՝ հավելելով, որ ցնցումներ չեն ուզում։

«Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։ Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։ Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։

Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։ Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում»,-ասվում է հայտարարոթյան մեջ։

Մանուկյանն իրավապահ մարմիններին կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է արել դեկտեմբերի 9-ին 16։00-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։

 Ուշագրավ
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի»,- ասվում է գրառման մեջ