ՀՀ նախագահ․ Մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել եղածն ու դուրս գալու մասին մտածել

ՀՀ նախագահ․ Մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել եղածն ու  դուրս գալու մասին մտածել

PanARMENIAN.Net - Հայաստանը մի շարք ճգնաժամերի է առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին։ Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմի հետ հանդիպմանը՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:

Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում ցավալի կորուստների մասին՝ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնել։ Նա արձանագրել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու մեր հնարավորությունները։

Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարևորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները։

«Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետևողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»,- նշել է նա։

Նախագահն ասել է, որ առավել, քան երբևէ հավատում է ժողովրդի ուժին ու ոգուն. «Մենք բոլորս պարտավորություն ունենք մեր նախնիների, մեր ժողովրդի առջև: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը պետականություն չի ունեցել, բայց կարողացել է պահել մեր ազգային արժեքները, մեր պատմական ժառանգությունը, մեր լեզուն ու գրականությունը, մեր եկեղեցին ու մշակույթը, որպեսզի որպես ազգ կարողանանք ապագայում ունենալ մեր երկիրն ու պետությունը: Այսօր մենք ունենք այդ պետությունը, և մեր պարտքն է ամեն ջանք կենտրոնացնել՝ մեր պետականությունն ամրացնելու, մեր ինստիտուտներն ամրապնդելու համար»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ և հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները. «Միայն միասին է հնարավոր դուրս գալ իրավիճակից, հաղթահարել այս դժվարին մարտահրավերները»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---