15 դեկտեմբերի 2020 - 17:01 AMT
«Հայաստան» հիմնադրամը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել իր բոլոր նվիրատուներին, ովքեր սատարել ու շարունակում են օգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի և նոյեմբերի 26-ին` ԱՄՆ Գոհաբանության օրը տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքագրվել է մոտ 23 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ, հիմնադրամը շնորհակալություն է հայտնել սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։

Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։

Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված գումարներին՝ հիմնադրամը վերահաստատել է, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում։

Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։