15 դեկտեմբերի 2020 - 19:31 AMT
«Ազգային արժանապատվության» երթը մարդաշատ էր

Դեկտեմբերի 15-ին իրականացվել է «Ազգային արժանապատվության» հերթական երթը, հազարավոր քաղաքացիներ քայլարշավը սկսել են Սասունցի Դավիթի կայարանից, կանգ արել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։

Երթն ուղեկցել են բազմաթիվ ոստիկաններ։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Միացե՛ք», «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ՝ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»։ Երթին մասնակցել է նաև «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երթի վերջում հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում։

«Ես պայքարում եմ ոչ միայն ապագայի համար, այլ նաև մեր այն տղերքի հիշատակի, որոնք զոհվեցին՝ երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու, մենք հզոր ժողովուրդ ենք, մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մենք ընկճվում ենք, բայց հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Վազգեն Մանուկյանը։

Ռազմական գործողություններն ընթացան սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 10-ի լույս գիշերվա եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում՝ կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։