15 դեկտեմբերի 2020 - 23:50 AMT
Ռուսների միջամտությունից հետո ադրբեջանցիները հետ են քաշվել Հին Շենի ու Մեծ Շենի մատույցներից

Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մատույցներից։ Տեղեկությունը, Sputnik Armenia-ի փոխանցմամբ (հրապարակման ժամ` 23:03-խմբ.) հայտնել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասել է Միրզոյանը։

Ադրբեջանցի զինծառայողները փակել էին Հին Շենից Մեծ Շեն տանող ճանապարհը։ Բացի այդ, օրերս հարձակվել և գրավել էին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Հարցին, թե Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի տարածքում կա՞ն արդյոք հայ զինծառայողներ, Միրզոյանը պատասխանել է, որ բանակ որպես այդպիսին տեղում չկա։

«Զինվորներ կան, բայց համատարած կանգնած չեն, առաջնագիծ չկա, խրամատներ չկան», – նշել է նախարարը։

Նրա խոսքով` Շուշիի շրջանի բոլոր գյուղերը, բացառությամբ պատերազմի ժամանակ գրավված Շուշիի ամենախոշոր գյուղի` Քարին Տակի, մտնում են Լաչինի 5 կմ միջանցքի մեջ և ըստ այդմ` պետք է մնան հայկական կողմի վերահսկողության տակ։ Խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր և Քիրսավան գյուղերի մասին է։

«Հիմա ստացվում է` այդ գյուղերը շրջափակման մեջ են, սակայն դրանք Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա։ Չնայած Խծաբերդի մասին էլ նման բան չկար, բայց նրանք հարձակվեցին ու գրավեցին գյուղը», – ասաց Միրզոյանը։