«Պրոյեկտ». ՌԴ արտաքին հետախուզության պետի ու ադրբեջանցի գործարարի մտերմությունը՝ ԼՂ-ում պատերազմի ֆոնին

«Պրոյեկտ». ՌԴ արտաքին հետախուզության պետի ու ադրբեջանցի գործարարի մտերմությունը՝ ԼՂ-ում պատերազմի ֆոնին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ռուսաստանը չի օգնել իր ռազմավարական դաշնակից Հայաստանին։ Ճիշտ այդ ժամանակ ՌԴ հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի միլիարդատեր, Ռուսաստանում առևտրի կենտրոնների ու հյուրանոցների սեփականատեր Գոդ Նիսանովի հետ, փոխանցում է «Պրոյեկտը»։

Նիսանովը Մոսկվայում «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ ըստ Forbes-ի $2․7 մլրդ կարողությամբ: Նշվում է, որ միլիարդատեր Նիսանովի ունեցած կապերը ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների հետ կարող են լույս սփռել Ռուսաստանի՝ դաշնակից Հայաստանին պատերազմի ընթացքում չօգնելու պատճառների վրա։

Ըստ աղբյուրի՝ Նիսանովն իր բիզնեսը կառուցել է բաքվեցի իրավաբան Իլհամ Ռահիմովի օգնությամբ, որը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին է ու ընկերը։

«Ռահիմովի մանկությունն անցել է Ղարաբաղում։ 1970 թվականին նա մեկնել է ՌԴ սովորելու, ընդունվել Լենինգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, որտեղ էլ ամուր կապեր է հաստատել ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք բարեկամություն են արել ընտանիքներով։

«Ռահիմովը Պուտինին է հյուր գնացել, իսկ վերջինս մի քանի անգամ այցելել է Ադրբեջան՝ ապրելով Ռահիմովի հոր տանը։ Այդ բարեկամությունը շարունակվում է նաև հիմա»,- նշում են «Պրոյեկտից»։

Մի հարցազրույցում Ռահիմովը ևս նշել է, որ ՌԴ ղեկավարի հետ շփվում է ինչպես համակուրսեցու, այլ ոչ նախագահի։

«Այո, երբ մենք հանդիպում ենք Պուտինի հետ, խոսում ենք այդ մասին (ԼՂ հարցի-խմբ․), ես նրա ուշադրությանն եմ ներկայացնում իմ անձնական տեսակետը։ Ակնհայտորեն, որպես ադրբեջանցի, ղարաբաղյան հարցը նաև իմ ցավն է»,-ասել է նա։

Նիսանովը, առհասարակ, ընկերություն է անում բազմաթիվ «պետքական մարդկանց հետ», որոնց թվում են նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սերգեյ Նարիշկինը, ով Պուտինի կոլագան է եղել դեռ Պետական անվտանգության կոմիտեից (ԿԳԲ), վաղուց է տարված լողով։ Արտաքին հետախուզության ղեկավար դառնալուց հետո էլ նա ամեն օր լողացել է Նիսանովին պատկանող «Ուկրաինա» հյուրանոցի 50 մետրանոց լողավազանում։

Ըստ ականատեսի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Նարիշկինը լողացել է Նիսանովի անձնական լողավազանում՝ ադրբեջանցի փոխնախարարներից մեկի ուղեկցությամբ։ Ընդ որում, խոսքը Նիսանովի անձնական գրասենյակին կից լողավազանի մասին է։ «Պրոյեկտի» թղթակիցը մի քանի անգամ հանդիպել է Նարիշկինին Նիսանովի գրասենյակում՝ նույն ժամին։

Ըստ ականատեսի՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը սովորաբար ներսում մեկ ժամից ավելի էր լինում, նրան ուղեկցում էր ևս մեկ տղամարդ, ով ժամանում էր Ադրբեջանի դիվանագիտական պետհամարանիշերով BMW-ով։

«Դա տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի ամենաթեժ օրերին, բայց երկրի գլխավոր հետախույզի և ազդեցիկ ադրբեջանցիների նման մտերմության պատճառը դժվար թե միայն քաղաքականությունը լիներ։ Եկամտաբեր ընկերության հարցն էլ կար»,-նշում են «Պրոյեկտից»։

Դիվանագիտական մեքենայով երթևեկողը Էլման Բայրամովն է՝ Գոդ Նիսանովի մտերիմը։ Բայրամովը ղեկավարում է Mosazervinzavod-ը, որը թողարկում է կոնյակ, պորտվեյն ու օղի։ Ամեն ինչի հետ մեկտեղ նա Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի ընտանիքի անդամն է՝ խնամին։

Նարիշկինի հետ Բայրամովն ընկերություն է անում դեռ 2000-ականներից․ նրանք «հարևան ամառանոցներում» են ապրել։ Հենց Բայրամովն է Նարիշկինին ծանոթացրել Նիսանովի հետ։ Բացի անձնական լողավազանից օգտվելու հնարավորությունից, ՌԴ գլխավոր հետախույզն այլ բոնուսներ էլ է ստանում բիզնեսմենից, օրինակ՝ Նիսանովի անձնական բիզնես-ինքնաթիռը՝ Gulfstream G65-ը։ Միևնույն ժամանակ, Նարիշկինի դուստր Վերոնիկան Իլհամ Ալիևի դստեչ` Լեյլայի ընկերուհին է։

Ինչպես հոդվածում է նշվում՝ Նարիշկինին ու Նիսանովին կապում են նաև անշարժ գույքի «տարօրինակ գործարքները»՝ թանկարժեք բնակարանների առքն ու փոխանակումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---