Արտերկրում և ՀՀ-ում բնակվող մի շարք գիտնականներ պահանջում են վարչապետի հրաժարականը

Արտերկրում և ՀՀ-ում բնակվող մի շարք գիտնականներ պահանջում են վարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Արտերկրում և Հայաստանում բնակվող մի շարք հայ գիտնականներ, գիտաշխատողներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անհապաղ հրաժարականը։ Հայտարարությանը միացել է 38 գիտնական, տեղեկացնում է «Առավոտը»։

«Մեզնից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը և հանդես եկել հայտարարությամբ, սակայն իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլև վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ։

Արդյունքում երկուսուկես տարի անց, ի թիվս այլ ձախողումների, ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտարարությունը, որով կորցնում ենք Արցախի մեծ մասը։ Այդ հայտարարության հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, սահմանների ճշգրտում և այլն), սակայն դրանց պարզաբանմանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ոչ միայն պատերազմի սանձազերծման և դրա աղետալի հետևանքների համար, այլև ընդհանրապես ունակ չէ կառավարել պետությունը։

Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլև նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետևանքների պատճառ է դառնում»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

Նշվում է, որ գիտնականները պատրաստ են իրենց գիտելիքներով ու հմտություններով հնարավորինս մասնակցել Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն և նպաստել մեր պետության հզորացմանը, սակայն դա անհնար է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---