ԱԱԾ. Նախկին պաշտոնյան փորձել է կազմակերպված բռնությամբ յուրացնել իշխանությունը

ԱԱԾ. Նախկին պաշտոնյան փորձել է կազմակերպված բռնությամբ յուրացնել իշխանությունը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր:

Մասնավորապես՝ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020թթ․ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի, հասցեին, ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով, հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ։

Այդ կերպ փորձ է արվել հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակվելուց հետո Հ.Ծ.-ն, տեղեկանալով զանգվածային անկարգությունների մասին, մի խումբ անձանց հետ մասնակցել է ԱԺ-ում գույք ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ծառայողական մեքենան, շրջափակել են այն, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին, ճոճել, թափահարել է՝ փորձելով շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է վարորդի կողմի դուռը, որի ընթացքում անկարգության մասնակիցները վնասել են Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով ավտոմեքենայի ապակիները։

Այդ կերպ հարկադրել են Միրզոյանին և նրա անվտանգության ծառայողներին դուրս գալ մեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և նրա անվտանգության ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետևանքով Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:

Այնուհետև, Հ. Ծ.-ն,քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրելու նպատակով Բաղրամյան պողոտայում փնտրել է վարչապետին, մարզպետներին, մտադիր լինելով վերացնել իշխանության յուրացման համար առկա բոլոր հնարավոր խոչընդոտները, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպիչներից Վ. Ա.-ին՝ հորդորելով վերջինիս ձեռնամուխ լինել նախապես մշակված ծրագրի համաձայն իրագործել իշխանության յուրացումը, սակայն Հ.Ծ.-ն և խմբի մյուս անդամներն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել հանցագործությունը։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:

Միաժամանակ, ձերբակալվել է նախկինում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---