Սյունեցին՝ սահմանային զարգացումների մասին․ Պաշտոնապես համոզվում ենք՝ վաճառքի է հանվել մեր երկիրը

Սյունեցին՝ սահմանային զարգացումների մասին․ Պաշտոնապես համոզվում ենք՝  վաճառքի է հանվել մեր երկիրը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում բնակիչները կրկին ճանապարհ են փակել. նրանք բողոքում են սահմանային հարցերով պայմանավորված վերջին զարգացումներից, փոխանցում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին՝ մինչ 17:00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին էլ Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ էր արել ինքնապաշտպանության գնալ, քանի որ բարձունքները հանձնելով ադրբեջանական ուղիղ հսկողության տակ են հայտնվելու Շուռնուխն ու մի շարք այլ գյուղեր։ Բարձունքներ հանձնելու լուրերին զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում։

«Պատերազմից առաջ թող հանրաքվեի դներ, ասեր՝ ժողովու՛րդ, միջազգային կառույցներում ինձ «ուլտիմատում են» տվել՝ կա՛մ պատերազմում ենք, կա՛մ պետք է հողերը տանք: Թող լսեր ժողովրդի ձայնը: Դա կլիներ ժողովրդի վարչապետի և կառավարության իրական տեսակը: Թող պաշտոնապես հերքում տան, որ վաճառել ա: Ախր դա էլ չի անում, մենք արդեն համոզվում ենք, որ, իրոք, վաճառքի է հանել մեր երկիրը: Ես ամաչում եմ իմ երկրի ղեկավարի համար»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---