Նախարար․ Ում կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ

Նախարար․ Ում կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ

PanARMENIAN.Net - Արցախում մշտական բնակավայր ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնց կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա հավելել է, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով վնասվել են և հնարավոր չէ այնտեղ բնակվել, սակայն բնակավայրը գտնվում է Արցախի վերահսկողության տակ, նույնպես ֆինանսական աջակցություն կտրամադրվի։ Առաքելյանը տեղեկացրել է, որ այդ քաղաքացիներն առաջիկա օրերին կարող են արդեն դիմել, յուրաքանչյուրին հատկացվելու է 250,000 դրամ։ Այս ծրագիրը կտևի երեք ամիս, քանի որ Արցախի կառավարությունն այս բնակարանների վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, գրում է «Առավոտը»։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փաստացի գրանցված և վերջին երեք ամսում այնտեղ բնակված քաղաքացիներին ևս սոցիալական աջակցություն է տրամադրվում, նախարարության մոտավոր հաշվարկներով՝ մոտ 30,000 նման շահառու կա։

«Նրանցից այս պահին մոտ 5000-ը ստացել է աջակցությունը, մյուս մասի նույնականացում է իրականացվում և ամեն օր աջակցություն է տրամադրվում։ Այս աջակցությունը կազմում է 300,000 դրամ՝ յուրաքանչյուր նման շահառուի համար, այդ թվում՝ անչափահաս»,- ասել է նախարարը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---