Ադրբեջանցիները շուռնուխցիներին ասել են, թե գյուղից 12 տուն իրենց է անցնում․ Գյուղացիները մայրուղի են փակել

Ադրբեջանցիները շուռնուխցիներին ասել են, թե գյուղից 12 տուն իրենց է անցնում․ Գյուղացիները մայրուղի են փակել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչները փակել են գյուղի ընդհանուր մայրուղին, նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչն իրենց ասել է, որ 10 օր առաջ գյուղի 12 տան՝ Ադրբեջանին անցնելու մասին նախազգուշացում է եղել։

«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ տասն օր առաջ հայտարարվել է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն, ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, ո՞վ էր իմանում դրա մասին», - ուղիղ եթերում հայտարարել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, թե պահանջում են պատասխանել՝ ով է տեղյակ եղել այդ պայմանին ու ինչու գյուղացիներին տեղյակ չեն պահել։

«Էլի եմ ասում, լավ ախպերներ, ում ձեռքին զենք կա, եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք», - հայտարարել է Շուռնուխի գյուղապետը։

Դեկտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այժմ «տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը կմիջամտեն, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը»: Նա, սակայն նշել էր, որ դա չի նշանակում, թե, օրինակ, չի կարող լինել բանավեճ մեկ կամ երկու կամ 12 տան վերաբերյալ: Փաշինյանն ասել էր, թե կա այդպիսի բանավեճ՝ մոտ 20 հողամասի վերաբերյալ: Վարչապետն հայտնել էր, թե ՀՀ տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, և Սյունիքում գործողություններն արվել են դրա համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---