Փաշինյանը՝ Շուշիի մասին․ Քաղաքի հայկական չլինելու մասին խոսքը կարգավիճակի, այլ ոչ թե ծագումնաբանության կոնտեքստում էր

Փաշինյանը՝ Շուշիի մասին․ Քաղաքի հայկական չլինելու մասին խոսքը կարգավիճակի, այլ ոչ թե ծագումնաբանության կոնտեքստում էր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից պատերազմն ավելի վաղ դադարեցնելու նախապայմաններից մեկը Շուշին 1992 թվականի ժողովրդագրական վիճակին վերադարձնելու՝ 96%-ով ադրբեջանցիներով բնակեցնելու մասին է եղել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր՝ «հայկակա՞ն է Շուշին իր այդ կարգավիճակով» արտահայտությունը վերաբերել է քաղաքի 1992 թվականի կարգավիճակին, ոչ ծագումնաբանությանը։

Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում արձագանքել է Շուշիի մասին ավելի վաղ արած իր հայտարարությանն ու պարզաբանել՝ նշելով, որ որոշ շրջանակներ հայտարարում են, թե ինքը պնդել է՝ Շուշին հայկական քաղաք չէ։

Հունվարի 28-ին Եռաբլուր կատարած այցի ընթացքում վարչապետը կարճ վիճաբանություն էր ունեցել լրագրողներից մեկի հետ, ով հարցնում էր նրան՝ ադրբեջանական է արդյոք Շուշին։

«Իմ մեջբերումը կբերեք անձամբ դուք թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, ու ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ», - նշել էր նա։

Հաջորդ օրը լրագրողը Փաշինյանի՝ ԱԺ-ում արտահայտած միտքը պաստառի վրա, Կառավարության շենքի առջև էր։ Վարչապետն, ըստ էության, արձագանքել է հենց նրա հարցին։

Փաշինյանը նշել է, որ ինքն արձագանքել է պատգամավորներից մեկի հարցին, թե ՌԴ նախագահն առաջարկել է ավելի լավ պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին թողնելով հայկական վերահսկողության ներքո, իսկ ինքն արձագանքել է, որ 90 և ավելի տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին այդ կարգավիճակով հայկական չէր կարող լինել։

Փաշինյանը կրկին նշել է, որ պատերազմի ընթացքում այն դադարեցնելու քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմը, ի թիվս այլ պայմանների, առաջ է քաշել նաև Շուշի իր փախստականների վերադարձի հարցը։

«Խոսքը 1992-ի ժողովրդական ստատուս-քվոն վերականգնելու մասին է։ Ուղիղ առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 96% ադրբեջանական բնակչություն։ Դրանից հետո ինձ շատերը մեղադրում էին՝ տարբերակ է եղել, որ Շուշին այդ կարգավիճակով մնա հայկական, ես էլ այստեղ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանը, թե այդ ովքեր ու ինչպես են համարում, որ 96 տոկոսով ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին համարվի հայկական վերահսկողության ունենալու դեպքում։ Խոսքն ընթացիկ կարգավիճակի, այլ ոչ թե քաղաքի ծագումնաբանության մասին է, քննարկել ենք կոնկրետ առաջարկված նախապայմանը»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ իր հայտարարությունն ու դրանից հետո կատարվածը լրատվական մանիպուլյացիայի կոնկրետ օրինակ է։ Վարչապետը ևս մեկ անգամ ընթերցել է ԱԺ-ում իր պատասխանը։

«Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ՝ ոչ միայն հիմա, այլ բանակցային գործընթացում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով»,-մեջբերել է նա։

Երբ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---