Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

PanARMENIAN.Net - Հունահայոց Ազգային առաջնորդարանը, Հայ Կաթողիկե եկեղեցին, մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Օրեր շարունակ հետևում ենք մեր հայրենիքում կատարվող դեպքերին, խոր մտահոգությամբ լսելով սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես հայտնի է, Տավուշի մարզի չորս սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու քայլերը ցույց կտան անվերապահ հանձնողունակության քաղաքականությունը որդեգրած Հայաստանի իշխանությունների կողմից, ընկրկելով ադրբեջանական ճնշումների և սպառնալիքների առջև։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» լոզունգով թափ առած շարժումը, ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների։ Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, դա անում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ամբողջ հայության արժանապատվությունը պաշտպանելու համար։

Այս ճակատագրական հանգրվանին մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր ջանքերին, որոնք նպատակ ունեն մեր արժեքները պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու և ազգային մեր միասնականությունն ամրապնդելու»,–ասվում է հայտարարության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---