3 փետրվարի 2021 - 15:13 AMT
Հռոմի պապի հրամանագրով փետրվարի 27-ը` Նարեկացու օր Հռոմեական օրացույցում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը, տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:

2015թ․ Գրիգոր Նարեկացու անունն ընդգրկվել է Հռոմի մարտիրոսագրության մեջ՝ որպես կուսակրոն, ուսուցիչ, որը հայտնի է իր ուսմունքով և գիտական աշխատություններով:

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։

«Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի մոտ 30 լեզուներով: